Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՈՎ»

Այս տարի լրանում է «Միասնություն» դաշինքի կնքման 20-ամյակը: «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսով դաշինքը, ցավոք, կարճ ժամանակահատված տևեց, անավարտ թողնելով հսկայական ծրագրեր…
Ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը թանգարանում բացվեց «Վերածննդի համոզմունքով» խորագիրը կրող ցուցահանդես, որով մեկնարկվեց այդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այդ միջոցառումների ժամանակ կլուսաբանվեն այն ծրագրերը, որ ստանձնել էին կատարելու «Միասնություն» դաշինքի առաջնորդներ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը:
Մինչ ցուցահանդեսի բացումը թանգարանի աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին երկու Ազգային հերոսների հիշատակին, այցելելով Կոմիտասի անվան Պանթեոն և Եռաբլուր, ծաղիկներ խոնարհելով նրանց շիրիմներին:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան քաղաքական գործիչներ, ովքեր նշեցին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի միավորման բացառիկ նշանակությունը՝ երկիրը փոսից դուրս հանելու ճանապարհը։ Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ռիմա Դեմիրճյանը: Նա աննախադեպ անվանեց «Միասնություն» դաշինքի ստեղծման որոշումը, մեջբերելով Կարեն Սերոբիչի հետևյալ խոսքերը. «Մեր հայկական ցավը, որ ես անվանում եմ հայկական հիվանդություն, պառակտման մեջ է: Մենք միասնական չենք եղել և դրանից օգտվել է մեր թշնամին: Մենք ապագա չենք ունենա, եթե միասնական չլինենք…»
Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի բացման մասնակիցներին, թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը ի նշան երկու թանգարանների ապագա համագործակցության, բարեկամության ամրապնդման Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանին նվիրեց ԵԿՄ ասեղնագործ խորհրդանիշը:

Video