Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

2018 թ. մայիսի 19. Թանգարանային գիշեր. «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»

Կարեն Դեմիրճյանի թանգարանն այս տարի էլ միացավ հիշյալ ակցիային: 30 տարի անց հանրությանը ներկայացվեցին Կարեն Դեմիրճյանի «Ղարաբաղյան օրագրերը»: Ժամանակավոր ցուցահանդեսը, որը կրում էր «Մուրճի և զնդանի արանքում» խորագիրը իր բովանդակությամբ նոր մոտեցումներ հաղորդեց Ղարաբաղյան շարժման պատմության սկզբանակ շրջանին:
Օրագրերը ներառում են Կարեն Դեմիրճյանի գրառումները 1988թ. փետրվարի 17-ից մինչև մայիսի 14 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, նրանց համառոտ վերլուծությունները:
Ծանոթանալով այդ նյութերին, «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989թթ» գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանը թանգարանի մատյանում կատարեց հետևյալ գրառումը.
«Հրաշալի ցուցադրություն է կազմակերպված Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ: Կենտրոնական նյութը՝ Կարեն Դեմիրճյանի օրագրությունը առաջնակարգ սկզբնաղբյուր է Շարժման առաջին ամիսների իրական պատկերն ու բովանդակությունը ամբողջացնելու համար: Այն, ըստ էության, եզակի նյութ է նաև ամբողջացնելու համար Կարեն Դեմիրճյանի, որպես երկրի մտահոգ և իմաստուն ղեկավարի կերպարը, մի բան, որ առ այսօր դժվար էր անել ժամանակի այլ աղբյուրների հիման վրա»:

Թանգարանի բացօդյա ցուցասրահում լուսանկարների 30-ամյա վաղեմության պաստառների, վրանների, թանգարանային այլ ցուցանմուշների և վավերագրական տեսաֆիլմերի միջոցով փորձ կատարվեց վերարտադրել 1988թ. շարժման դրվագներ, ժամանակի ոգին:
Այդ օրը հարյուրավոր այցելուներ հեռացան թանգարանից շարժման պատմության, ժամանակաշրջանի մասին նոր մոտեցումների մտորումներով, համոզված Կարեն Դեմիրճյանի հետևյալ ասույթի ճշմարտացիության մեջ.
«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է և դյուրահավատ: Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել: Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին»:

Video