Կ. Դեմիրճյանի մասին

Կարծիքներ

image

Միխայիլ ՈՒԼՅԱՆՈՎ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան:

Դեմիրճյանը պատահական դեմք չէր, որ տարբեր քաղաքական խաղերի բերումով են վեր ելնում: Եվ այն ժամանակ էլ, երբ Կենտկոմի առաջին քարտուղար էր՝ նա սոսկ նոմենկլատուրային աշխատող չէր: Նա ընտրվեց շնորհիվ իր ծանրակշիռ բարեմասնությունների, որպես Հայաստանում կարկառուն, երևելի դեմք, այդպես և երկրորդ անգամ, երբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց... Դեմիրճյանի հիշատակը կապրի. նա կմնա հայոց պատմության անմահների շարքում: Կմնա որպես մեկը խոշորագույն քաղաքական դեմքերից, որ ասպարեզ եկավ Հայաստանի պատմության բախտորոշ մի շրջանում, թեև հայոց պատմությունը նման շրջանների պակաս մինչ այդ էլ չի ունեցել... Ամեն անգամ, երբ մարմնավորում եմ պատմական կերպարների, ձգտում եմ ստեղծել ոչ թե ինչ-որ գերմարդու, այլ նախ և առաջ մարդկային, սովորական ադամորդու կերպարը: Ամեն մի խոշոր գործիչ արտահայտում է իր գաղափարները, իսկ ինձ համար ամենագլխավորն այն է, թե նա ժամանակին համապատասխանում է, թե ոչ... Եվ եթե ինձ, ասենք, վիճակվեր խաղալ Դեմիրճյանի նման ազգը ներկայացնող, ուժեղ, կարկառուն, կրթված գործչի դերը, երիցս հարկ կլիներ ունենալ տաղանդ...

image

Անատոլի ԱԼԵԿՍԱՆԴՐՈՎ
ԽՍՀՄ Գիտություններ Ակադեմիայի Նախագահ:

...Ես եղել եմ Միության բոլոր հանրապետություններում և պետք է ձեզ ասեմ, որ ի դեմս Կարեն Սերոբովիչի Հայաստանի բախտը, իր Գիտությունների ակադեմիայով հանդերձ, լավ բերել է: Նրա աջակցությունն ակադեմիային շատ կարևոր է: Սակայն առավել կարևոր են նրա ձգտումն ու փափագը գիտական հետազոտությունների նվաճումները հանրապետությունում արդյունաբերության առավել հեռանկարային ճյուղերի ստեղծման և մեծացման գիտական և պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման նպատակով օգտագործելու ուղղությամբ:

image

Եվգենի ՊՐԻՄԱԿՈՎ
Ռուսաստանի Վարչապետ 1998-1999թթ.

Սկզբում ես չհավատացի ռադիոյով լսածիս՝ սպանվել են Ազգային ժողովի նախագահը և վարչապետը: Մտածեցի՝ միգուցե սխալվում են: Հետո այդ մասին սկսեցին խոսել բոլորը և ողբերգականորեն պարզ դարձավ՝ զոհվածների մեջ է Կարեն Սերոբի Դեմիրճյանը: Ուժեղ, խելացի, վճռական մարդկանց համար, ինչպիսին նա է, կյանքը քաղաքականության մեջ չի դադարում անգամ համակարգի փոփոխության դեպքում: Այդ համակարգում նա առաջնակարգ տեղ էր գրավում որպես Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունից վերածվեց անկախ պետության: Անգամ այդպիսի կտրուկ շրջադարձի պայմաններում նա մնաց պիտանի ու անհրաժեշտ իր երկրին ու ժողովրդին: Եվ ճակատագիրը որոշել էր, որ նա նորից երկրի ղեկավարներից մեկը լիներ... Որքան շատ էի ճանաչում նրան, այնքան մեծանում էր հարգանքս այդ մարդու հանդեպ: Նրա համար, որ միանշանակ մարդ էր: Ոչ միայն իր սկզբունքներից չնահանջելու, այլև անձնուրացորեն դրանք պաշտպանելու կարողության համար: Համարձակորեն կարող եմ ասել, որ նրա համար արժեքներից գլխավորը Հայաստանի շահն էր: Սակայն նա դրան երբեք չէր մոտենում նեղ - ազգայնականության դիրքերից: Մի անգամ զրուցում էինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարների մասին: Կարենը մտահոգված ասաց. "Պետք է լուծել այն՝ ելնելով բոլորի շահերից: Ինչ խոսք, պետք է որոշակի փոխզիջում, որը ձեռնտու լինի և Ղարաբաղի, և Ադրբեջանի, և Հայաստանի համար"... Կարենը մարդկայնորեն հմայիչ էր: Անշուշտ, հանդիպումներում մենք միայն քաղաքականությունից չէ, ոչ խոսում էինք: Նա հոյակապ զրուցակից էր, գիտեր խոսել և լսել, հնարամիտ էր, հումորը նրբորեն ընկալող: Որքան դժվար է գրել այդ բառը՝ "էր":

image

Էդվարդ ՇԵՎԱՐԴՆԱՁԵ
Վրաստանի նախագահ 1995-2003թթ.

Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել... Այդ ողբերգական օրերին ես Երևան եկա, որպեսզի վշտակցեմ Կարեն Սերոբովիչի հարազատներին ու բարեկամներին, ընկերներին ու զինակիցներին, ողջ հայ ժողովրդին: Այդ ժամանակ ես ասացի և ուզում եմ կրկնել այստեղ, որ նրան համարել եմ զարմանալի պայծառ, տաղանդավոր ու հմայիչ մարդ, նրբազգաց, շրջահայաց, սակայն միաժամանակ նաև վճռական անձնավորություն: Երկար տարիներ նա Հայաստանի ղեկավարության գլուխ էր կանգնած և այդ պաշտոնում հարգանք և հեղինակություն էր վայելում ոչ միայն զինակիցների, այլև ժողովրդի կողմից: Ինձ համար հեշտ չէ Կարեն Սերոբովիչի մասին անցյալ ժամանակով խոսելը: Չէ որ մեզ կապում էին բարեկամությունը, երկարամյա սերտ ու բեղմնավոր համագործակցությունը և փոխըմբռնումը, այդ թվում՝ ոչ միայն պարզ իրավիճակներում: Կարող եմ ասել, որ լճացման ամենա-ամենա ժամանակներում նա համարյա միշտ գտնում էր ճիշտ, համարձակություն ենթադրող ելք, եթե դա էին պահանջում իր հանրապետության շահերը: Նա բարեփոխումների կողմնակից էր, կանխատեսելով, որ իր հարազատ երկիրը վաղ թե ուշ կանգնելու է արմատական փոփոխությունների անխուսափելիության առջև... Նա հեռացավ կյանքից՝ պատվավոր պոստում, որ խորհրդանշում է նրա անդավաճան ծառայությունը ժողովրդին:

image

Նիկոլայ ՌԻԺԿՈՎ
ԽՍՀՄ Մինիստրների Սովետի Նախագահ 1985-1991թթ.

Ողբերգաբար կյանքից հեռացավ մի մարդ, որ օժտված էր երկնապարգև իմաստությամբ, անձնական ու քաղաքացիական առաքինություններով: Նա օժտված էր իր ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվության բարձր զգացումով և իր համոզմունքները չէր մակաբերում անցողիկ շահախնդրություններին: Այն 14 տարիները, որ նա ղեկավարեց հանրապետությունը, հավանաբար կարելի է ժամանակակից Հայաստանի պատմության լավագույն տարիներից համարել: Նա կարողանում էր տեսնել հեռանկարը և այդ տեսողությամբ հարստացնել ներկան, կերտել ու կառուցել ապագան: Իր ղեկավարության տարիներին Հայաստանը որակական թռիչք կատարեց դեպի նոր չափումների հորիզոններ, կտրուկ շրջադարձ՝ դեպի հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով գիտատար արտադրություն՝ աստիճանաբար վերացնելով էներգատար և բնապահպանական առումով վնասակար ճյուղերը: Նա կարողացավ իրագործել հանրապետության ժողովրդական տնտեսության կառուցվածքային վերակառուցումը ժամանակի ոգուն և Հայաստանի առանձնահատկություններին համապատասխան: Նրա կառավարման տարիներին ստեղծվեցին ճարտարապետական նոր գլուխգործոցներ, որոնցում համադրված են ազգային հզոր ավանդույթները և գալիքին միտված Խորհրդային Հայաստանի ոգին: Դա նաև Կարեն Դեմիրճյանի ոգին էր... Մարդ, որ խորապես պետական մտածող էր՝ առանց դոգմաների: Նա նպաստեց Հայաստանում այնպիսի հոգևոր մթնոլորտի ստեղծմանը, որը ծնեց ու սնեց տաղանդների ամբողջ համաստեղություններ:

image

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի վարչապետ 1999թ.

Մենք քանի տարվա պետություն էլ դառնանք՝ 2750-2790 և այլն, հետո, աստված տա, դառնանք 4000-5000 տարվա, Կարեն Դեմիրճյանը մեր ժողովրդի պատմության մեջ կա և հավերժ լինելու է: Եվ այն ժամանակահատվածը, որ ինքը այս երկիրը ղեկավարեց, կառավարեց, այն ժամանակը, որ այսօր ղեկավարում է, տա Աստված, որ միանան իրար: Երբեք չի կարելի մոռանալ երկրի մեծերին: Երկիրը ունի մշակութային մեծեր, ցավոք սրտի այս երկիրը ավելի շատ մշակութային մեծեր է ունեցել, անհատներ, քան քաղաքական և իշխանական մեծեր: Եվ վերջին 70 տարիների պատմությունը, որի մասին անընդհատ իրարամերժ բաներ են ասում, իրականում դա փառապանծ պատմություն է: Փառապանծ: Եվ 70 տարվա փառապանծ պատմության մեջ կա 15 տարի, որտեղ Կարեն Դեմիրճյանը եղել է այս երկրի ղեկավարը... Ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ առիթ եմ ունեցել լինել իր կողքին, ուզում եմ նաև մեծամիտ լինել և ասել՝ իր բարեկամը լինել: Մենք 92 թվից պարբերաբար շփվել ենք բայց վերջին երեք ամիսը միասին ենք եղել, գրեթե ավելի շատ քան որևէ մեկի հետ: Եվ վերջին երեք ամիսների շփումները ինձ համոզել են՝ որպեսզի լինես երկրիդ լավ ղեկավար քո արյան մեջ պիտի լինի երկրիդ ողջ մշակույթը: Որպեսզի լինես լավ ղեկավար պիտի կարողանաս հուզվել երկրիդ մեծերի ասած խոսքերով, երկրիդ մեծերի գրած տողերով, երկրիդ մեծերի գրած երաժշտությամբ: Որպեսզի լինես լավ ղեկավար պիտի հասկանաս երկրիդ ամենասկզբնական օղակում՝ հողի վրա կանգնած գյուղացու խոսքը, հոգին, սիրտը: Պիտի կարողանաս իր հետ իր լեզվով խոսել: Պիտի կարողանաս հասկանալ երկրիդ մշակույթի մեծերի և խոսքը և ամբիցիան, որովհետև ամբիցիան հասկանալը նույնքան դժվար է, որքան խոսքը: Այս ամենի մեջ է թաքնված Կարեն Դեմիրճյանի հաջողությունը: Ինքը մշակույթի մեծերից մինչև գյուղացու խոսքը հասկացել, նրա հետ նրա լեզվով խոսելու ունակություն է ունեցել և ունի:

image

Վլադիմիր ՌԻԺԿՈՎ
Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր 1993-2007թթ.

Կա ավելի կարևոր, վեհ բան, քան գաղափարախոսությունը, քան աջերն ու ձախերը, ազատականներն ու կոմունիստները, ավելի կարևոր բաներ կան, կան օրենքներ,որոնք հիմնարար դեր են կատարում հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում: Հարյուր, երկու հարյուր տարի առաջ չկար Ռուսաստանի կոմկուսը, չկար այն նաև Հայաստանում, բայց այն ժամանակ էլ գոյություն ունեին ռուս-հայկական բարեկամական հարաբերությունները: Ես կարծում եմ, որ Դեմիրճյանը հենց այս դասը տվեց, և կարևոր չէ ինչ սոցիալ-տնտեսական հարաբերություններ են, ինչ քաղաքական համակարգ, ինչ իշխանություն է, կարևոր է հիշել ավելի խորը պատմական արմատների մասին. ողբերգության մասին, ժողովրդի կեցության մասին և հիմնվելով դրանց վրա կառուցել քաղաքականությունը: Ինձ թվում է, որ դրանում է Դեմիրճյանի գլխավոր դերը, որ հենց դրանով էր նա վաստակել այդպիսի հեղինակություն իր ժողովրդի մոտ, որ պաշտպանեց նրան անցյալում, պաշտպանեց և նրա ճակատագրի ու գործունեության եզրագծում: Ժողովուրդն ի դեմս նրա տեսավ ավելին, քան կուսակցական պատկանելությունն է, կուսակցական գաղափարախոսությունը: Նա բարձր էր դրանից: Նրան բնորոշ էին իսկական բարեկրթությունը, նրբազգացությունը, ուշադրությունը, հարգանքը զրուցակցի նկատմամբ: Դեմիրճյանին ներհատուկ էին ինտելեկտուալ և առաքինի մարդու ամենաբարձր հատկանիշները:

image

Ալեկսանդր ԲՈՎԻՆ
Քաղաքական վերլուծաբան:

Իմ ծանոթությունը Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ կայացավ այն, արդեն խենթանալու չափ հեռավոր տարիներին, երբ նա երիտասարդ, սլացիկ, աներևակայելի վայելուչ երիտասարդ էր: Մենք երկուսս էլ այն ժամանակ ապրում էինք միևնույն երկրում, երկուսս էլ կուսաշխատող էինք, նա՝ Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեում, ես՝ ԽՄԿԿ Կենտկոմի աշխատակազմում... Կարենը շահեկանորեն առանձնանում էր այդ տարիների կուսակցական ղեկավարներից: Աչքի էր ընկնում մտավորականի իր հատկանիշներով, բարեկրթությամբ, զերծ էր սնապարծությունից ու ամբարտավանությունից: Աչքի էր ընկնում սովորական, ստանդարտ իրավիճակներում անսովոր ու թարմ մոտեցմամբ և անսովոր իրավիճակներում՝ լուծումներ գտնելու կարողությամբ... Դեռևս վերակառուցումից շատ առաջ նա գտնում էր, որ պետք է մարդկանց ձեռներեցությանը ճանապարհ տալ, սպասարկումների ոլորտը, մանր արտադրությունը, գյուղատնտեսության որոշակի ճյուղեր հանձնել անհատների ձեռքը: Նա դեմ չէր սոցիալիզմին: Նա հավատում էր, ինչպես հավատում էին բոլոր "վաթսունականները", որ սոցիալիզմը կարելի է համադրել ժողովրդավարության հետ, տնտեսական առողջ գաղափարի հետ: Պատմությունն այլ ուղի ընտրեց: Կարծում եմ Դեմիրճյանը կընդուներ այն: Բայց կձգտեր առավելագույնս մեղմ, ոչ ցավագին ձևեր գտնել նոր դարաշրջան անցնելու համար: Հայաստանի բախտը չբերեց: Հենց այն ժամանակ, երբ հատկապես անհրաժեշտ էին Դեմիրճյանի խելքը, փորձը, հավասարակշռվածությունը՝ ներկրեմլյան կամ շուրջկրեմլյան ինտրիգների բերումով հայտնվեց գործից դուրս... Վերջին անգամ մենք հանդիպեցինք ողբերգական իրադարձություններից քիչ առաջ: Կարենը Մոսկվա էր եկել որպես պառլամենտական պատվիրակության ղեկավար: Ես եկա նրա մոտ "Պրեզիդենտ-հոթել" զբաղեցրի երկու պաշտոնական հանդիպումների միջև եղած ազատ ժամանակը: Տարբեր բաներից խոսեցինք: Բայց ամենից շատ Հայաստանից: Մորմոք և հույս. այս երկու բառով կարելի է արտահայտել Կարենի տրամադրությունը: Պայմանավորվեցինք խոսակցությունը շարունակել Երևանում... Խոսակցությունը չկայացավ: Կարեն Սերոբի Դեմիրճյանի վրա կրակողները կրակեցին ոչ թե Հայաստանի անցյալի, այլ ապագայի վրա: Բայց այն միևնույն է կկայանա:

image

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան:

Կարեն Դեմիրճյան. քաղաքական հմուտ գործիչ, ծանրակշիռ պետական այր, Մարդ մեծատառով: Մեկն այն կոհորտայից, ում անունները ոսկե տառերով գրվեցին հայոց պատմության քաղաքական մատյանում... Դեմիրճյանն ի ծնե լիդեր էր խարիզմատիկ, ծնվել էր ղեկավարելու համար...Տղամարդու առնական գեղեցկությամբ օժտված, բարձրահասակ, միշտ ժպտուն, բարի աչքերով. նախանձելի շքեղ արտաքին ու մի ծով հմայք: Կիրթ ու կրթված, գիտելիքներով լեփ-լեցուն. արվեստից սկսած մինչև համաշխարհային անցուդարձը. հայոց պատմության գիտակ, հայոց էությունն ըմբռնած իմաստուն մարդ էր Կարեն Դեմիրճյանը: Ու չկար մի գործ, մի նպատակ, մի ուժ, որ ստիպեր նրան քայլ կատարել, եթե ինքը համոզված չէր, որ դա կարող է ինչ-որ չափով վնաս հասցնել հարազատ ժողովրդին, պետությանը: Իր արարքների, իր խոսքի մեջ այդքան հավասարակշիռ ու պատասխանատու մարդիկ միշտ էլ քիչ են եղել, իսկ այսօր՝ առավել... Էսպիսի մարդկանց կորուստը ազգային աղետ է դառնում երկրաշարժի նման, նույնքան ողբերգական հետևանքներով...

image

Գրիգոր ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

"Կարեն Շինարար". այսպիսի տիտղոսով էր նա մտել ժողովրդի մտապատկերի մեջ. այս հարցում նա կարծես թե ժառանգել էր մեր արքաների, իշխանների, նախարարների սերնդե-սերունդ անցած այդ մեծ ու այդքան պետքական հատկությունը՝ ստեղծել մնայուն շինություններ... Դժվար է հավատալ, որ այս ամենը եղել է մի մարդու օրոք... Դա Կարեն Դեմիրճյանի ամուր կամքն էր, աներեր համոզմունքը... Նա կարողանում էր իր ներքին հավաքվածությամբ, անկոտրում պահանջկոտությամբ ու վարակիչ խանդավառությամբ նաև լարված վիճակում պահել բոլորին, վերից վար... Բայց Կարեն Դեմիրճյանը ունեցել է էլ ավելի կրքոտ վերաբերմունք հանդեպ գիտությունը... Գառնին կոսմիկական կենտրոն դարձավ Դեմիրճյանի օրոք, և ուրանալ նրա վաստակն այս հարցում անհնար է... Իմ կյանքի այս քարքարոտ, տատասկներով լեցուն ճանապարհին այնուամենայնիվ բախտ ունեցա հանդիպել, մոտիկից առնչվել, թեպետ ոչ այնքան հաճախ, մեծությունների... Մեծություններ, փառահեղ մեծություններ... Վերջինը եղավ Վիլյամ Սարոյանը... Ժողովրդավարության, պետական գործունեության ասպարեզում այդպիսի հանդիպում ես չունեցա, չեմ տեսել...Բացառությունը եղավ Կարեն Դեմիրճյանը... Նա իրադարձություն էր, երևույթ, և հայտնի չէ, թե մեկ էլ երբ և ինչպես կհայտնվի, կերևա ևս մի այսպիսի շողշողուն աստղ հազարամյակների հեռավորությունից եկող մեր այս բազմաչարչար ժողովրդի երկնակամարում...

image

Էդվարդ ՄԻՐԶՈՅԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր:

Կարեն Դեմիրճյանին ես հոգով, սրտով ու մտքով ընդունում եմ իբրև խոշոր երևույթ: Նա ականավոր դեմք էր՝ իմաստուն փորձառու մարդ, որ, շնորհիվ իր պրոֆեսիոնալ և մարդկային բարեմասնությունների, իշխանության եղավ երկու կատարելապես տարբեր հասարակարգերում: Եվ երկու դեպքում էլ, օժտված լինելով մի հատկությամբ, որ ես "տիրոջ զգացում" եմ կոչում, իր բարձրագույն նպատակը՝ գերխնդիրը համարեց իր ժողովրդի հոգսը քաշելը: Ես բազմիցս վկա եմ եղել և լսել եմ ականատեսներից, որ երբ խոսք է գնացել բնակչության ապահովման հարցերի մասին, Դեմիրճյանը վճռականորեն է դրել հարցը."Ոչինչ չգիտեմ, ժողովրդին պետք է պահենք": Այն սարսափելի անուղղելի ողբերգությունը, որ եկավ մեր գլխին հոկտեմբերի 27-ին, այսօր էլ խորին ցավով եմ վերապրում: Ու եթե Վազգեն Սարգսյանի մահն ընդունում եմ գլխավորապես զգացմունքներով, ապա Դեմիրճյանի կորուստը գիտակցում եմ այդ ողբերգության ողջ խորությամբ: Նա բացառիկ տաղանդավոր մարդ էր, ռոմանտիկ՝ բառիս լավագույն իմաստով, իրազեկ ցանկացած բնագավառի՝ որով հարկ էր լինում զբաղվել: Կարեն Սերոբովիչի աշխատանքից ազատումը 1988 թվականին ես ընդունեցի խորին հիասթափությամբ: Կենտկոմի պլենումից հետո, երբ բոլորը դուրս եկան շենքից, ես ցանկացա նրա հետ քայլել: Տիրում էր համընդհանուր լռություն: Ես կամաց ասացի. "Կարեն Սերոբովիչ, բանաստեղծների մասին դատում են նրանց լավագույն բանաստեղծություններով...": Նա ոչինչ չպատասխանեց... Եվ այնուամենայնիվ, Դեմիրճյանն անհրաժեշտ համարեց վերադառնալ քաղաքական ասպարեզ, և ժողովուրդը նրա վերադարձն ընդունեց հրճվանքով: Կատարելապես նոր պայմաններում մի քանի ամիս Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում նա կարողացավ մինչ այդ չտեսնված նախադեպ ստեղծել՝ միավորել պետության բոլոր քաղաքական ուժերը... Չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ կյանքից հեռացել է անզուգական մարդը, կարկառուն անձնավորությունը, և սույն կորուստն անփոխարինելի է անբողջ ազգի մասշտաբով, հատկապես այսօրվա իրավիճակում:

image

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ:

Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու... Ի դեմս Կարեն Դեմիրճյանի՝ մեր բոլորիս համար և եթե կուզեք ողջ աշխարհի համար գտնված էր մեզ շատ անհրաժեշտ ամենաօպտիմալ այն տարբերակը, որ այսօրվա մեջ իր այլընտրանքը մեզանում չունի, որ բացառիկ նվեր էր այսօրվա մեր շաղված-շփոթված երթին, և միայն թշնամու աչքը կնկատեր՝ որ հարկ է այդ անհատին վերացնել՝ երթը դարձյալ խուճապի, շփոթի, անվստահության ու տագնապների ալեկոծումին հանձնելով: Նրա սոսկական ներկայությամբ իսկ՝ մենք մեզ հավաքում էինք, մենք վերագտնում էինք մեզ - մեզ երեկվա մեծ ու բարի հայրենիքի որդիներիս՝ լայնախոհ, անվեհեր, պարկեշտ, գորովով ու միամիտ սիրով առլեցուն աշխարհի, միմյանց ու ինքներս մեր հանդեպ: Այսօր այսքան ծանր հորիզոնները ետ էին քաշվում մեր քայլի առջև, և ժամանակն ու աշխարհը լայն էին - որովհետև ի սկզբանե էր մարդը, իսկ Կարեն Դեմիրճյանի ներկայությունը գտնել էր տալիս մեր այդ բարձր ու շիտակ մարդուն:

image

Գրիգոր ԽԱՆՋՅԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ:

Նրա կառավարման 15 տարիների ընթացքում ուղղակի և անուղղակի զգացել եմ պետական մեծ գործչի ուշադրությունը և ջերմությունը: Դեմիրճյանը ապացուցեց, որ մենք փոքր ազգ չենք, այլ մեծ ազգերին հավասար երազներ ունենք: Դեմիրճյանը իր կառավարության ողջ կազմով կերտում էր համարձակորեն հազարամյա հայոց երկիրը՝ չվախենալով, որ իրեն կմեղադրեն ազգայնամոլության մեջ, և երբեք չնմանվեց նրանց, ովքեր "գենսեկի" առջև ծնկաչոք էին քայլում, և դրանով իսկ պահպանեց իր և ազգի արժանապատվությունը: Կարճ խոսքի մեջ շատ օրինակներ չես բերի, բայց մեկը նշեմ: "Վարդանանքը" Մոսկվայում չպրոպագանդվեց նույնիսկ արվեստի ամսագրերում կամ թերթերում, պատճառը՝ նկարի մեջ կրոնավորների առկայությունն էր: Դեմիրճյանը կանչեց և ասաց.- "Վարդանանքը" պետք է նկարես Երևանում, տեղ փնտրիր: Եվ այդ դարձավ առիթ, որ ծնվեր մեծ գոբելեն վարագույրը, որը երկրորդն էր իր մեծությամբ միությունում, և կասկադի եռանկար որմնանկարը: 1988 թվից շուրջ 10 տարի Դեմիրճյանը քաղաքական կյանքին չմասնակցեց, բայց չդիմացավ և 1998 թվին հանրապետության նախագահի թեկնածուների անունների մեջ կար նաև Դեմիրճյանի անունը: Չընտրվեց: Երբ առիթ եղավ, ես իրեն ասացի. - Հաղթանակը Ձերն էր, Դուք տեսաք, զգացիք ժողովրդի սերը Ձեր անձի նկատմամբ իր ողջ ծանրությամբ: Դա սեր էր ոչ միայն անցյալը փայփայող, կամ ցանկացող մարդկանց, այն սեր էր հանդեպ քաղաքական գործչի, մտավորականի, արժանապատիվ մարդու, այո, նաև արվեստագետի, քանզի Դեմիրճյանը այն քչաթիվ քաղաքական գործիչներից էր, որ մոտ կանգնեց և սեր ցուցաբարեց արվեստագետներիս հանդեպ՝ լավ հասկանալով և գնահատելով մշակույթի դերը հայ ժողովրդի կյանքում: Ահա թե ինչու երբ նրան Մայր հողին հանձնեցին մեր մեծերի պանթեոնում, մենք արվեստի գործիչներս, ասացինք՝ այո: Նա մեծերի հետ է այսօր և վերևից նայում է մեզ՝ մեղավորներիս և խարխափողներիս:

image

Հովհաննես ՉԵՔԻՋՅԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր:

Հայաստանը իր պատմության ընթացքում, թերևս, Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք է հասել թե՛ տնտեսական, թե՛ բարոյական և թե՛ մշակութային վերելքի: Նրա հիանալի աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ հայ ժողովուրդը հավատով լեցուն աշխատում էր, կառուցում ու ստեղծագործում: Դրա պայծառ օրինակներն են Նուռնուսի կամուրջը, Համալիրը, ինքնատիպ Զվարթնոց օդանավակայանը և մեր հրաշալի Մետրոպոլիտենը: Ժողովուրդը հավատում էր իր ղեկավարին, և այդ հավատն էր, որ յուրաքանչյուր գործ, որ ձեռնարկում էր Կ. Սերոբովիչը, պսակվում էր հաջողությամբ: Նրա բազմակողմանի հետաքրքրությունները տարածվում էին նաև երաժշտության վրա: Զարմանալի նուրբ դիտողություններ ուներ երաժշտության հանդեպ, հատկապես՝ դասական: Դեմիրճյանի օրոք էր, որ մեր մշակույթը դուրս եկավ համաշխարհային ասպարեզ, Կոմիտասյան երգի ղողանջները հասան արտասահմանյան բազմաթիվ երկրներ: Այս բոլոր հաջողությունները պարծանք բերեցին հայ ժողովրդին, հանձին նրա ղեկավարի՝ Կարեն Դեմիրճյանի: Հայ ժողովրդի կորուստը մեծ է, սակայն ոչ մի չար ուժ չի կարող ջնջել Կարեն Դեմիրճյանին ժողովրդի հիշողությունից, և նրա պայծառ հիշատակը կմնա հավետ հայ ժողովրդի սրտում, որպես նահատակ հանուն հայրենիքի:

image

Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի:

Հարազատ ու անմոռաց էություն, հզոր մտավորական, որ իր զինաթափող անկեղծությամբ և կամային բացառիկ նպատակամղվածությամբ շենշող անձնավորություն էր, անդավաճան նեցուկ և բարենորոգիչ ղեկավար: Եթե հարցնենք տարբեր ասպարեզներու մարդկանց, նրանցից ամեն մեկը անվարան կպնդի, որ Դեմիրճյանը հատկապես ա՛յդ ասպարեզի մեծ գիտակ էր, փայլուն մասնագետ, խորագիտակ տեսաբան... Ես պիտի նույնը ըսեմ օպերային արվեստի, երաժշտոթյան և երգարվեստի վերաբերյալ: Ինձ համար հրճվանք էր գիտակցել, որ մեր հանրապետության ղեկավարը ոչ միայն բացառիկ կրթվածության տեր և արվեստի գիտակ էր, այլև օպերայի և երգարվեստի սիրահար... Օպերան իր հարազատ տունն էր, և որպես այդ արվեստին հավատավորը՝ նա օպերային թատրոնի վերանորոգումը իրականացրեց իր անմիջական ղեկավարությամբ՝ համարելով այն ազգային հոգևոր տաճարի վերաստեղծում: Նորոգ տաճարի բացման առթիվ իրականացրած Տիգրան Չուխաջյանի "Արշակ II" օպերայի նոր բեմադրությունը մենք մեր ողջ թատերախմբով անլուր, բայց խորին համոզմամբ նվիրեցինք մերօրյա ազգաշեն թագավոր Կարեն Դեմիրճյանին:... Հայ ժովովուրդը մեծ տուրք ունի մարելու իր պայծառ զավակի լուսավոր հիշատակի առջև:

image

Արա ՇԻՐԱԶ
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ:

Ժողովուրդը նրա անունը կնքեց "Կարեն Շինարար": Կարո՞ղ էր մի ողջ ժողովուրդ, մեկ տասնամյակից ավել ապրելով և գոյատևելով Հայաստան աշխարհում, սխալվել կամ չափազանցնել իր գնահատականը, այն ժամանակ, երբ իր աչքերի առջև հայրենիքը ծաղկեց և բարգավաճեց, եղած լավի վրա ավելացան բազում բազմաթիվ շինություններ, դպրոցներ, համալսարաններ, փողոցներ, հուշարձաններ, բազմատեսակ արդյունաբերական ձեռնարկություններ, և ամենակարևորը՝ երկրի քաղաքացին իր երկրի տերն էր և նրա պատասխանատուն: ...Անկախության առաջին տարիներին կարծես ստվերի մեջ էր, սրտի կսկիծով հետևում էր աջ ու ահյակ փակվող գործարանների ծանր շնչառությանը, դժվարացող կյանքի ուրվագիծը հանգիստ չէր տալիս և այդ պահին ունկնդրեց ժողովրդի կանչին, ընդառաջ գնաց նրա ցավերը ամոքելու: Կյանքի և ապրելու կորած հավատքը վերակենդանացնելու ճանապարհին էր, միասնանում էր նրանց հետ, ովքեր հավատում էին իրեն և իր երկիրը վերակենդանացնելու խոստումներին: Թվում էր՝ աստիճանաբար, դժվարությամբ, գալու են տանելի կյանքի ուշացած տարիները, որին լծվեց անցած կյանքի բովում իմաստնացած Կարեն Շինարարը՝ նույն ինքը Կարեն Դեմիրճյանը: Սակայն հարվածը եկավ անսպասելի, ցնորատեսիլ դաժանությամբ: Նման ոճրագործություն հայ ժողովրդին ծանոթ չէր: Հանուն ինչի՞ կատարվեց այս ոճրագործությունը - պատասխանը երկար ժամանակ կմնա անարձագանք: Սակայն Կարեն Դեմիրճյանի անունը և գործը մտավ իրեն ծնող ժողովրդի հոգու ամենանվիրական պանթեոնը:

image

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Սահմանադրական Դատարանի նախագահ:

...Կարեն Դեմիրճյանը դարերի պարտքը փոխհատուցեց կառուցելով ու շենացնելով մեզ բաժին հասած Հայաստանը: Նա արեց դա վեհանձնորեն, հպարտությամբ ու արժանապատիվ: Նրա կյանքն արարում էր, իսկ երազանքը՝ շաղախված էր իր ազգի և ժողովրդի ինքնահաստատման տառապանքով, վերածնության բերկրանքով ու երջանիկ ապագայի կարոտով: Նա կիսելով իր ժողովրդի տագնապը, կրկին քաղաքական ասպարեզ իջավ՝ ազդարարելու, որ ժողովրդի ճակատագիրը տնօրինելիս նախ պետք է գիտակցել մի պարզագույն ճշմարտություն. որ "ես"-ի, անձի ու խմբի շահերից զատ ու դրանից ավելի գերակայելի է նախ համազգային շահը, որ ազգային միասնությունն ու միաբանությունը ... դատարկ խոսքեր չեն. դրանք պետք է միս ու արյուն ստանան կոնկրետ գործերով... որ պետությունն ու պետականությունը բարձրագույն արժեքներ են, ազգի գոյության նախապայմանն են, վեր են ամեն մի անհատի սուբյեկտիվ նկրտումներից, որ մեր ազգային լինելության և ինքնահաստատման քայլերը պետք է անել համբերատար, նվիրումով, տքնաջան աշխատանքով, ազնվորեն , հետևողականորեն ու արժանապատիվ կեցվածքով, որ մարդ անհատն ինքը արժեք է ստանում, երբ տոգորվում է ազգային արժանապատվության գիտակցությամբ: Կարելի է թվարկումները շարունակել՝ ամբողջականացնելու Կարեն Դեմիրճյան անհատի հավաքական կերպարը՝ առաջին հայացքից պարզ ու նաև անառարկելի ճշմարտություններով, որոնք, սակայն, կենսաձև ու գործելակերպ դառնալու համար պահանջում են անձնազոհության կամք, ինքնաճանաչման տաղանդ ու համոզմունքն իրականություն դարձնելու քաջություն: Ահա վերջիններս են, որ տրված են եզակիներին, այս որակներն են, որ դարերի բյուրեղացման ճանապարհ անցնելով՝ ներդաշնակվում են պատմական առաքելությամբ օժտված անհատի մեջ՝ դարձնելով նրան իր ժողովրդի խիղճն ու առաջնորդը: Ու ինչպես չողբա ազգը՝ նրան կորցնելով...

image

ԳԱՐԵԳԻՆ Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց:

Մշտավառ է լույս հիշատակը կյանքի հավերժական հանգրվան փոխադրված Կարեն Դեմիրճյանի, ով մշտապես վայելել է մեր ժողովրդի անվերապահ սերն ու խորին հարգանքը: Մեծ է պետական-քաղաքական գործիչ բարեհիշատակ Կարեն Դեմիրճյանի երախտարժան վաստակը Մայր Հայրենիքի առաջընթացին: Երկարամյա նվիրյալ գործունեության ընթացքում նրա հոգածության և ղեկավարության ներքո Մայր Հայրենիքը բարեզարդվեց հոյակերտ նոր կառույցներով, նորովի զարթոնք ապրեց Հայաստանի տնտեսությունը և հայոց մշակութային անդաստանը զարդարվեց գնահատարժան նոր արդյունքներով: Հայաստանի Հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում Կարեն Դեմիրճյանը վերադարձավ քաղաքական ասպարեզ: Վերադարձավ իր հոգու ուժերը, իր կարողություններն ու տարիների փորձն ու հմտությունը ներդնելու մեր անկախ պետականության կերտման սուրբ նպատակին, Հայաստանի և Արցախի ազատ կյանքի ամրապնդման, ինչպես նաև հայ ժողովրդի բարօր ու բարեկեցիկ ապագայի կառուցման նվիրական գործին: Որդիական սիրով Կարեն Դեմիրճյանը միշտ կապված մնաց հայրենի ավանդներին, հավատարիմ՝ մեր ժողովրդի հույսերին: Իր մեծ ներդրանքի հետ նա նաև իր կյանքն ու հոգու նվիրումն ընծայեց երկիր հայրենիի նորոգ վերազարթոնքին և իր վառ անհատականության և հայրենաշեն գործերի մշտամնա հույսը թողեց ժողովրդի սրտերում: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված երկնային երանավետ բարձունքներում Իր ողորմած հայացքի ներքո լույսերի ու խաղաղության մեջ պահի հոգին արժանավոր հայորդու: Խունկ, աղոթք և օրհնություն Կարեն Դեմիրճյանի վառ հիշատակին: