Կ. Դեմիրճյանի մասին

 7 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Ես կարծում եմ, որ կոմունիստների 99%-ից ոչ պակաս մասը եղել են հայրենասերներ... աշխատել են օգտակար լինել իրենց ժողովրդին, համենայն դեպս կարող եմ համոզված պնդել (փորձիցս ելնելով), որ այն չափանիշներով, որ կային մինչ վերակառուցման շրջանը կոմունիստներին կարելի էր մեղադրել ավելի շատ ազգայնական հակումների համար, քան ինտերնացիոնալ... Եվ իրոք, այն պայմաններում մենք արեցինք առավելագույն հնարավորը ժողովրդի ազգային ինքնության պահպանման, նրա ազգային մշակույթի և արտադրական ուժերի զարգացման համար: Եվ ես կարծում եմ մենք քիչ բանի չհասանք: Ահա մեկ-երկու օրինակ: Այդ այսօր է, որ ազգային լեզուն հեշտ է հռչակել պետական: Լճացման տարիներին, միայն ազգային լեզվի զարգացման մասին խոսելը գնահատվում էր որպես ազգայնամոլության դրսևորում, իսկ մենք՝ հայ կոմունիստներս (միակը ողջ Միությունում) պնդում էինք հայոց լեզվի պետական կարգավիճակի անհրաժեշտությունը, և 1978թ. (լճացման բարձրակետում), ընդունեցինք սահմանադրության հոդվածը, որում գրված էր, որ Հայաստանի պետական լեզուն հայերեն լեզուն է և ավելացրած դրան ներկայացրեցինք նրա կիրառման մեխանիզմի հիմունքները: Դա, անձամբ ինձնից, պահանջեց շատ նյարդեր և հղի էր անկանխատեսելի հետևանքներով, բայց մենք (ես) գնում էինք դրան: 80-ական թվականների սկզբին մենք բարձրացնում և լուծում էինք անօրինական ձևով Ադրբեջանին հատկացված մոտ 15000հա հողերը Հայաստանին վերադարձնելու հարցը: Կամ նույն լճացման տարիներին բարձրացնել բնապահպանական հարցերը համազոր էր հերետիկոսության: Մենք դնում էինք և լուծում շատ հարցեր. վերապրոֆիլավորեցինք Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը, փակեցինք ԿԱՆԱԶ-ի էլեկտրոլիզային, "Նաիրիտ"-ի կարբիդի արտադրությունները, վնասազերծեցինք Ալավերդու կոմբինատի արտանետումները և այլն, և այլն: Մենք Միությունում առաջին անգամ բարձրացրեցինք ատոմակայանը փակելու հարցը և հասանք դրա լուծմանը (արձանագրությունները կան): Հիշում եմ ինչպես ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղարության նիստի ժամանակ Դոլգիխը մեղադրում էր ինձ հակա ԱԷԿ-ական տրամադրություններ տարածելու մեջ: Մենք դնում էինք քլորոպրենային արտադրության փակման հարցը և հասանք Միութենական կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմանը (այսօր ուրիշներն են վերագրում իրենց այդ բոլորը): Լճացման ծաղկման տարիներին հենց մենք հասանք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Լռության րոպեի պաշտոնական ճանաչմանը (պսակադրության արարողությամբ), իսկ հետո, մեր օրոք, ընդունվեց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու որոշման նախագիծը (և միայն 1988թ. փետրվարյան իրադարձությունները ստիպեցին հետաձգել դրա հրապարակումը նույն 1988թ.-ին): Մենք առաջին անգամ 70 տարվա ընթացքում բարձրացրեցինք արտասահմանցի հայերի հետ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը և հասանք նրան, որ իրենց հայրենիքի սահմաններից դուրս գտնվող հայերը ճանաչվեցին ոչ թե որպես էմիգրանտներ (ինչպես առաջ էին նրանց անվանում), այլ իրենց հողերից արտաքսված մարդիկ: Շատ կարելի է խոսել կոմունիստների ներկա սերնդի ազգանվեր գործերի մասին: Եզրակացությունը միանշանակ է. մեր սերնդի կոմունիստները երբեք չէին մոռանում ժողովրդի ագային նպատակները և քաղաքական ամենաբարդ պայմաններում հասնում էին դրանց լուծմանը: