Կ. Դեմիրճյանի մասին

 5 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image ...կուսակցությանը պետք է մեղադրել ոչ թե տնտեսությունը քայքայման հասցնելու (դա արդարացի է Գորբաչովյան վերջին տարիների համար), այլ այն բանի համար, որ չապահովեց նրա զարգացումը ԳՏՀ պահանջներին համապատասխան, նրա համար, որ ոչ թե զարգացնում էին, այլ պահպանում էին տնտեսությունը տանելի վիճակում: Սակայն հայտնի է՝ այն ինչ չի զարգանում այլ պահպանվում է, վաղ թե ուշ փթում է: Այդպես և փթեց մեր տնտեսությունը, անհավատալի հետ մնաց: Սակայն նա վատ թե լավ ապահովում էր երկրի կարիքները(+սոցզարգացում +երկրի զարգացում +կայսերական ամբիցիաներ +պաշտպանունակություն): Իսկ այսօր վերակառուցման կարգախոսներով տնտեսությունը իրոք հասցրեցին աղետալի վիճակի: Եվ եթե այսօր մեր տնտեսության բոլոր չարիքներից փրկվելու համադարմանը շուկան է, ապա մենք վերջնականապես դատապարտված ենք: Շուկան պետք է, բայց ոչ դեկրետավորված, ինչին ձգտում էր Գորբաչովը: Շուկայի, մասնավոր սեփականության և Գորբաչովյան այլ նորամուծությունների դեկրետավորումը ավելի մեծ հանցագործություն է հասարակության հանդեպ, քան կոլեկտիվացումը: Ամեն ինչ պետք է կայանա բնականորեն, այլ ոչ թե ամբիցիոզ ղեկավարների, նոր "փրկիչների" հրումներով: Հիպոկրատի "մի վնասիր" արտահայտությունը վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլև ղեկավարությանը: Տնտեսության ապակենտրոնացման, մասնավոր սեփականության անցման և ապապետականացման այլ ձևերից բոլորից շատ կտուժի սոցիալական և արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացումը, այսինքն այն, ինչում մենք առավել հետ ենք: Մեր հանրապետության համար նոր ճանապարհների, հաղորդակցման, սոցիալ-մշակութային օբյեկտների և այլնի ստեղծումը անհավանական չափով կդժվարանա: Իսկ հենց այստեղ է, որ մեր ետ մնալը ամենից շատ է հարվածում մարդկանց: Առանց համալիր ձևով մտածելու չի կարելի քայլեր անել ՝ փոփոխելու համար այն, ինչ մենք ունենք: Սա ամենևին պահպանողականություն չէ: