Կ. Դեմիրճյանի մասին

 4 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Ցավոք մեր ազգի պատմության ամբողջ ընթացքում ավելի հաճախ կանգնած է եղել լինել-չլինելու հարցը, քան ինչպիսին լինելու հարցը: Իհարկե նրանում, որ հայ լինել-չլինելու հարցն է կանգնած եղել հաճախակի օբյեկտիվ հանգամանքներից բացի մեծ դեր ունի նաև սուբյեկտիվ գործոնը: Մեր ազգը չունենալով ազգային մտածելակերպ, կոնցեպցիա և այլն, չի կարողացել այնպես վարվել, որ չդառնար հանգամանքների զոհ:(Դրա մասի առանձին և շատ պիտի գրվի): Եվ ահա մենք գրեթե ժամանակ չենք ունեցել (պատմական առումով) մտածելու և գործելու նրա համար թե ինչպիսին լինել: Այսօր, երբ համաշխարհային քաղաքականությունը հասել է նրան, որ ազգի գոյության բացառումը (գենային և այլն) համարյա թե բացառվում է (չնայած տեղի ունեցող ռեցիդիվներին) մեր առջև հարց է առաջանում, եթե ապահովվում է մեր ֆիզիկական գոյատևումը՝ ապա ինչպիսին պետք է լինենք: (Ի միջի այլոց ասենք նաև, որ մեր ժողովրդի ռուսական օրիենտացիան լինել-չլինելու դիլեմայի պատասխանն է): Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք (ես ռուսական օրիենտացիան հիմնականում ճիշտ եմ համարում): Չկորցնելով ունեցվածը, կուտակվածը, նախկին կողմնորոշման, ընդլայնել համագործակցության սահմանները, երբեք չդավաճանելով արդեն ունեցած բարեկամներին, ձեռք բերել նոր բարեկամներ, պարտնյորներ, ճիշտ որոշել՝ ինչպիսի լինել: Անցած 70 տարիներին ֆիզիկական գոյության ապահովության պայմաններում մեր ինչպիսին լինելու հիմնահարցը չէր լուծվում լրիվ բավարար չափով, քանզի դրան խանգարում էին մեր միության ունիտար պետականությունը և գաղափարախոսական մամլիչը: Որոշակի զարգացում ստացան մեր արտադրական ուժերը, սակայն ոչ շատ բարձր և պահանջվող մակարդակով: Սակայն հոգևոր տեսակետից խեղումները շատ էին, դեֆորմացիաները շատ: Մենք չկայացանք այնպես, ինչպես հարկն էր: Այսօր,ցավոք, մեր առջև նորից կարող է հառնել լինել-չլինելու հարցը: Այս անգամ այլ ձևով: Ոչ թե (ավելի ճիշտ ոչ միայն) ֆիզիկական տեսակետից այլ ազգային ինքնատիպության: 70 տարին ունիտար պետության պայմաններում չկարողացան մեզ ասիմիլացնել: Շատ ռեալ է վտանգը, որքան էլ պարադոքսալ չի հնչում, այսօր ասիմիլացիան: Մեծ քանակությամբ հայեր արտագաղթում են: Մենք սկսել ենք կապկել այլոց: Մեր կուլտուրան են թափանցում արևմտյան ցիվիլիզացիայի թափոնները... Մենք հաստատակամություն և հետևողականությաւն չունենք ոչ միանվագ խնդիրների լուծման ժամանակ: Իսկ կյանքը մի օրվա խնդիրներ չի առաջադրում: Այն առաջադրում է ամենօրյա խնդիրներ: Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց և հուսախաբվելուց: Լինենք հավասարակշռված, խուսափենք անհարկի շտապողականությունից (մեր ազգը շատ համբերատար է և միաժամանակ շատ հաճախ շտապում է): Տիրապետենք շահերը համադրելու արվեստին: Իմանանք, որ ամենալավ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի և դրանք գերադասելի է համարում: Չվիրավորվենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերություն կամ բարեկամությաւն է անում նաև մեր թշնամիների հետ: Քաղաքականության մեջ հեռատես և հաստատակամ լինենք, նաև ճկուն: