Կ. Դեմիրճյանի մասին

 3 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Ինձ թվում է, որ մեր մտավորականությունը հայրենասիրական գաղափարներով ներծծված, կարելի է ասել նույն հայրենասիրության վրա սևեռված, լուսավորել է ժողովրդին և կազմավորել նրա հոգին միակողմանի՝ միայն հայրենասիրական սկզբունքներով, ի վնաս ամբողջական աշխարհահայացքային հայեցակարգի և խոսելով հայկական մտքի մասին ստիպված ենք փաստել, որ այդ միտքը ունիվերսալ չէ և խարսխված է զգացմունքների, հոգու վրա: Եվ եթե տաղանդավոր մտքի և հոգու հզոր զգայնության զուգակցումը ստեղծում է հրաշալի պոեզիա, ապա նույն տաղանդավոր միտքը դառնում է գրեթե անզոր զուտ ռացիոնալ խնդիրների լուծման դեպքում: Հիմնականում այստեղ խանգարում է միակողմանի մոտեցումը խնդրին, երևույթների, իրադարձությունների և այլն կոմպլեքսային ընկալման բացակայությունը: Խորաթափանց միտքը միշտ չէ, որ կարող է իրողության հետ անմիջական շփում գտնել, շրջանցելով բոլոր միջնորմները և ազդանշանները, որոնք կանգնած են իրողության և ճանաչողական մտքի միջև (սա ֆիզիոլոգ ակադեմիկոս Ի. Պավլովի արտահայտությունն է): Այն ինչ Պավլովն ասում է ռուսական մտքի վերաբերյալ, որ ռուսական միտքը բացարձակապես չի կիրառում մեթոդի քննադատությունը, այսինքն բոլորովին չի ստուգում բառերի իմաստը, չի գնում բառի կուլիսների ետևը, չի սիրում տեսնել իսկական իրողությունը, կարելի է վերագրել նաև հայ մտավորականությանը... Մեր ժողովրդի գիտական միտքը բավականին զարգացած լինելով որոշակի ուղղություններով, հիմնականում մեկուսացված, նույնպես աշխատում է կենսական անհրաժեշտությունից դուրս: Այդպիսի մտքի առկայությունը (կրկնենք՝ շատ ուղղություններով) ցույց է տալիս ազգի պոտենցիալ մտավոր հնարավորությունները: Ես համաձայն եմ Պավլովի հետ, որն ասում է, որ այդ միտքը մասնակի է, վերաբերվում է ժողովրդի շատ փոքր մասին և չի կարող բնութագրել ժողովրդի միտքն ամբողջությամբ: Չէ՞ որ իսկական գիտնականների թիվը շատ փոքր է: Ժողովրդի ճակատագիրտ որոշում է մասսայական, հասարակական միտքը: Մեր ժողովրդի հիմնական զանգվածի մոտ (չհաշված մտավորականությանը) նրա ճակատագիրը որոշող կյանքի ընդհանրացված միտքը գլխավորապես բնածին է, այլ ոչ ձեռք բերովի: Տգիտություն չկա, սակայն այդ հիմնական զանգվածը մշտապես լուսավորման և մշակման կարիք ունի: Մեր ժողովրդի դժբախտությունը կայանում է նրանում, որ մտավորականությունը հենց մասսայական մտքի լուսավորմամբ և մշակմամբ զբաղվել է շատ միակողմանի (այստեղ, իհարկե, մեծ նշանակություն ունի նաև մեր մտավորականների միակողմանի զարգացումը): Լուսավորում էին և մշակում ոչ լայնորեն (այստեղ մենք բացառում ենք իսկական, եզակի և մեծ նվիրյալներին, լուսավորիչներին, էնցիկլոպեդիստներին): Ավելին, հայրենասիրական զգացմունքներով և ազատագրական գաղափարներով տոգորված մտավորականությունը (դա նաև պատմական անհրաժեշտություն էր) ավելի շատ հեղափոխականացնում էր ժողովրդին, քան լուսավորում և մշակում: Այդ հանգամանքը, դրականորեն ազդելով հոգեկան գործոնի վրա, մի կողմ է թողել գիտակցականության, ստեղծագործականության, մասսայական գիտակցության համընդհանուր ընդգրկման գործոնը: Պետականության բացակայության ժամանակ, բնականաբար, գերակշռում էր ժողովրդա-ազատագրական պայքարի գաղափարը: Եվ ժողովուրդը, հիմնականում, ընկալում էր այն շարժումը, որը ենթադրում էր մտավորականությունը: Այնպես որ, ամեն ինչում ինչը կատարվեց ժողովրդի հետ, որոշիչ դեր խաղաց մտավորականությունը: Եվ լավում և վատում: Մեր մտավորականության մտքի առանձնահատկություններից շատ հարցերում կախված է ազգի բարօրությունը: Ցավոք, մեր մտավորականության միտքն, առանձնապես վերջին տասնամյակներում (գլխավորապես հայրենական պատերազմից հետո) ձեռք չբերեց այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են կենսունակ մտքին՝ ճիշտ տեսնել իրականությունը, հասկանալ այն և դրան համապատասխան գործել: (Վերջին արտահայտությունը Պավլովինն է):