Կ. Դեմիրճյանի մասին

 2 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Ժողովրդի տնտեսական ինքնագործունեությունը, որ խարսխված է անձնական սեփականության վրա ապահովում է երկրի զարգացումը ղեկավարության մինիմալ միջամտության պայմաններում: Այնտեղ (արևմուտքում - ծանոթ. խմբ.) էկոնոմիկան համարյա թե անկախ է քաղաքականությունից (պայմանականորեն իհարկե): Մեզ մոտ ընդհակառակը՝ տնտեսությունը վերջին 70 տարում միշտ ղեկավարվել և կառավարվել է պետության կողմից և դա ստեղծել է հասարակության յուրահատուկ հոգեբանություն, որը միանգամից չի հողմնահարվում սեփականության մասին օրենք ընդունելով և հրովարտակելով ազատ ձեռներեցության սկզբունքը: Նախ դրանց քաղաքացիության իրավունքի հռչակումը և կյանքում այդ իրավունքը իրագործելը միանգամայն տարբեր բաներ են և վերջինս պահանջում է երկար ժամանակ: Նույնը կարելի է ասել նաև սոցիալական ոլորտի հիմնահարցերի առնչությամբ: Էլ չխոսելով քաղաքական կուլտուրայի մակարդակի մասին և այլն: Հենց այդ անջրպետը, վիհը, որ գոյություն ունի մեր և արևմտյան երկրների միջև պահանջում է չկրկնօրինակել այսօրվա նրանց պետական գործիչների պահվածքը: Դեռ երկար, շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի մենք հասնենք արևմտյան դեմոկրատիաներին թե՛ տնտեսական-սոցիալական և թե՛ քաղաքական տեսակետից: Այդ ժամանակաշրջանը, որ կարելի է անվանել անցման ժամանակաշրջան, պահանջում է պետական գործիչների համապատասխան հոգեբանություն և պահվածք: Նորօրյա մեր ղեկավարությունը և հատկապես լիդերը պետք է կարողանա հմտորեն զուգակցել նոր ինստիտուտների, մեխանիզմների, վարքի ու բարքի ստեղծումն ու հաստատումը հին ձևերի ու մեթոդների, հին կյանքի ստեղծած աշխատող բջիջների՝ նորի համար անվնաս գործունեությունը այն հաշվով, որպեսզի չխաթարվի կյանքը, չվատանա հասարակության բարեկեցությունը այնքան, որ հասցնի տնտեսական և սոցիալական կատակլիզմների: