Կ. Դեմիրճյանի մասին

 1 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Եթե լրջորեն,առանց քաղաքական կողմնապահության, անդրադառնանք մեր ղեկավար կոմունիստների ճակատագրերին (սկսած Խանջյանից) ապա կտեսնենք, որ նրանք ավելի ճիշտ նրանց մեծ մասը չէին վայելում Կենտրոնի վստահությունը (նրանց միշտ կասկածում էին ազգայնամոլության մեջ): Այստեղ պետք է նշել նաև հետևյալը. հանրապետության քաղաքական տարածքը հագեցած էր ազգային հիմնախնդիրներով, ազգային կորուստների ցավով, քաղաքական կյանքում հիմնական գործոններից մեկն է հայրենասիրական զգացմունքներով տոգորված մեծ թվով մտավորականների, բանվորների, գյուղացիների մասնակցությունը: Դրանց ճնշող մասը անկեղծորեն ցանկանում էր օգնել ազգային նպատակներին հասնելու (սակայն հաճախ նրանց ջանասիրությունը այդ հարցում ավելի շատ կորուստներ էր բերում): Իհարկե նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք կեղծ հայրենասիրությամբ ուզում են ձեռք բերել քաղաքական կապիտալ (այդ բառի լայն իմաստով), ինքնահաստատվելով որպես առաջնորդների կարգի անհատներ: Մյուս կողմից Հայաստանում, ավելի քան որևէ տեղ, քաղաքական դաշտը ծանրաբեռնված է օրթոդոքսալ կարգի մարդկանցով, կաթոլիկներով ավելի քան Հռոմի պապը, կոսմոպոլիտ կարիերիստներով և այլ թափթփուկներով: Եթե համոզված օրթոդոքսներին, իրոք համոզված (սակայն ոչ իրավացի) մարդկանց կարելի է հարգել, ապա մյուսներն արժանի են արհամարհանքի: Հենց այդպիսի արհամարհանքի արժանի մարդկանց վրա էր հենվում կենտրոնը իր քաղաքականությունը տանելիս: Նրանց միջոցով կենտրոնը մատակարարվում էր հանրապետության ղեկավարներին վերաբերվող կոմպրոմատներով, հիմնականում շինծու, լավագույն դեպքում, աշխատանքում տեղ գտած առանձին սխալները և բացթողումները չափազանցնող, սակայն սկզբունքորեն՝ սադրիչ: Հանրապետության ղեկավարության ամեն մի քայլ վերլուծվում էր(խոսքը հիմնականում երկու ուղղությունների մասին էր - ազգային խնդիրները և սոցիալական վիճակը) և ներկայացվում կենտրոնին որպես բացասական (կամ ազգայնամոլություն կամ կոռուպցիա): Կենտրոնի դիրիժորական փայտիկի շարժումով այդ կոմպրոմատները, անհրաժեշտ պահին, թափում էին ղեկավարի գլխին, ուղարկում Կենտկոմ, այլ կենտրոնական օրգաններ, մամուլ և այլն: Այդ ամենը կենտրոնը օգտագործում էր երկու նպատակով՝ ա) հասարակական կարծիքով շանտաժելով անհնազանդ ղեկավարներին հնազանդեցնելու համար բ)մամուլում և այլ հնարավոր միջոցներով ստեղծել իր համար պետքական հասարակական կարծիք՝ ղեկավարի հետ հաշվեհարդար տեսնելու համար: Դրան պետք է ավելացնել մի ամբողջ պահեստային բանակ կազմված ինչպես կոսմոպոլիտիկ, այնպես էլ ազգային գունավորում ունեցող կարիերիստներից, որոնք միշտ մասնակցում էին կենտրոնի անբարետես հնարամտություններում, միշտ հանրապետությունում ներարկում քաղաքական անկայունության բացիլներ և դրանով հասնում իշխանության: Այդպիսի պայմաններում էին աշխատում հանրապետության ղեկավարները, ինչը ստիպում էր նրանց միշտ խուսանավել այդ ուժերի միջև: Լինելով համաձայն առողջ հայրենասերների առաջարկություններին, նրանք, որպես կանոն, պետք է քողարկեին իրենց վարքագիծը այնպես, որպեսզի չընկնեին ինչպես կենտրոնի, այնպես էլ հանրապետությունում գտնվող նրա մարդկանց, կարիերիստների հարվածի տակ, որոնք կարող էին ցանկացած հարցի լուծումը թաղել: Դա առաջացնում էր առողջ ուժերի դժգոհություն, գրգռում էր անվստահություն ղեկավարության նկատմամբ: Ստացվում էր այնպես, որ ղեկավարը, որը ջանում էր անցկացնել, իրականացնել ճիշտ, առողջ գաղափարներ, ընկնում էր թե կողմնակիցների, թե հակառակորդների հարվածների տակ: Առողջ ուժերը մեղադրում էին ղեկավարությանը նրանում, որ խաղում է, մյուս կողմը նրանում, որ ղեկավարությունը նացիոնալիստական է: Դրա պատճառով, շատ հաճախ, ազգային հարցերը ղեկավարությունը աշխատում էր լուծել գաղտնաբար և դրանց մասին հայտարարել միայն լուծմանը հասնելուց հետո: Չլուծման ժամանակ ղեկավարը նույնիսկ չէր էլ ասում, որ այդպիսի հարցեր բարձրացրել է երբևէ ղեկավարոթյան առաջ: Ես շատ հարցեր (լեզվի, սփյուռքի, ԱԷԿ-ի, "Նաիրիտ"-ի փակման և շատ այլ հարցեր) լուծել եմ կամերալ, առանց հրապարակայնության - և միայն լուծելուց հետո եմ ասել այդ մասին (նույնիսկ կիսալուծված հարցերի մասին ես ոչ մեկին չէի ասում, քանզի դա կբերեր հարցի խաթարման):