Կ. Դեմիրճյանի մասին

 3 

Տաս տարի լռելուց հետո

image Նախագահական ընտրություններ՝ 1998: 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տալիս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Համաձայն սահմանադրության Հայաստանում նշանակվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Քաղաքական ասպարեզ վերադառնալու մտադրություն Դեմիրճյանն, ի սկզբանե, չուներ, սակայն նրա վարկանիշը, որպես ղեկավարի, որ կարող է դիմակայել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներին, ամբողջ նախորդ տարիներին անշեղորեն աճում էր: Հանրապետությունում հասունացել էր հզոր հասարակական պահանջ՝ դարձյալ տեսնել նրան երկրի ղեկին: Դեմիրճյանը չէր կարող անմասն մնալ և անտեսել այդ պահանջը: Նա որոշում է վերադառնալ քաղաքականություն և քաղաքացիական նախաձեռնող խմբի կողմից առաջադրվում է որպես նախագահի թեկնածու: Ըստ պաշտոնական տվյալների ընտրությունների առաջին փուլում, որ տեղի է ունենում մարտի 16-ին, 12 թեկնածուներից և ոչ ոք չի հավաքում ձայների անհրաժեշտ մեծամասնությունը: Նշանակվում է երկրորդ փուլ՝ մարտի 30-ին,ուր մասնակցում են առավելագույն ձայների քանակ ստացած երկու թեկնածու. Կարեն Դեմիրճյանը և վարչապետ, միաժամանակ նաև նախագահի պաշտոնակատար, Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդ փուլում, ըստ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հայտարարած թվերի, Դեմիրճյանը ստանում է ձայների 40.52%: Սակայն, աղաղակող խախտումների պատճառով, Դեմիրճյանը չի ընդունում պաշտոնական տվյալները և իր հետընտրական հայտարարության մեջ, ընտրությունները որակում է որպես ոչ ազատ և ոչ դեմոկրատական: image Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան: Չցանկանալով սրել պայթյունավտանգ քաղաքական իրավիճակը, Դեմիրճյանը, այմուամենայնիվ, չի ձեռնարկում հետընտրական գործընթացներ և չի բողոքարկում արդյունքները: Փոխարենը նա ձեռնամուխ է լինում իր կուսակցության ստեղծմանը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Այդպես ստեղծվում է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) - հանրապետության ամենախոշոր և ամնաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը: ՀԺԿ առաջին համագումարը միաձայն ընտրում է Կարեն Դեմիրճյանին նախագահ: Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ և այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նամակով դիմում է Կ.Դեմիրճյանին առաջարկելով համատեղել երկու կուսակցությունների ուժերը հանրապետությունում համերաշխության մթնոլորտ ստեղծելու և երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Դեմիրճյանն ընդունում է առաջարկը և 1999թ. մարտի 30-ին ՀԺԿ-ն և ՀԿԿ-ն ստեղծում են "Միասնություն" նախընտրական դաշինքը: 1999թ. մայիսի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններում "Միասնությունը" անվերապահ հաղթանակ է տանում և Ազգային Ժողովում կազմում մեծամասնություն: Հունիսի 10 -ին կայացած Ազգային Ժողովի նիստում Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Վազգեն Սարգսյանը նշանակվում է վարչապետ: Դեմիրճյանն ու Սարգսյանը , սակայն հասցնում են աշխատել ընդամենը մի քանի ամիս: imageԿարեն Դեմիրճյանի գերեզմանը Կոմիտասի անվան այգու Պանթեոնում: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի նիստում, կառավարության հերթական հարց ու պատասխանի ժամանակ, ժամը 17-ի սահմաններում նիստերի դահլիճ են ներխուժում և ինքնաձիգներից կրակ բացում մի խումբ զինված անձինք: Այդ ահաբեկչական գործողության հետևանքով զոհվում են Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ՝ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ՝ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, պետնախարար՝ Լեոնարդ Պետրոսյանը:
1999թ. դեկտեմբերի 27-ին հայրենիքին մատուցած համազգային նշանակություն ունեցող ծառայությունների համար Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվում է Հայաստանի Ազգային Հերոս բարձրագույն կոչումը: ՀՀ կառավարության որոշմամբ Կ. Դեմիրճյանի անունով մայրաքաղաքում անվանակոչվել են՝ Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի N139 անգլիական դպրոցը, Մաշտոցի պողոտային հարող փողոցը, որտեղ պետք է տեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը: Անվանակոչումներ են արվել նաև Հայաստանի մյուս քաղաքներում: Կարեն Դեմիրճյանը ամփոփված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում:

 3