Կ. Դեմիրճյանի մասին

 2 

Առաջին քարտուղարը

image Առաջին քարտուղարը: 1974թ. նոյեմբերի 27-ին ՀԿԿ ԿԿ 15-րդ պլենումը ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար է ընտրում Կարեն Դեմիրճյանին: Ահա թե ինչպես է իր հուշերում նկարագրում այդ օրը ինքը՝ Դեմիրճյանը. "Երբ ընտրվեցի առաջին քարտուղար, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ ամբողջ դահլիճը ժպիտներից ու համակրանքի ցույցերից ծփում էր: Նախ երիտասարդ էի, մինչդեռ ղեկավարները լինում էին տարեցներ: Եվ երևի իմ ավյունը, ծրագրերը, գործերը հույսեր էին ներշնչում: Հիմա, հետադարձ հայացքով, երբ նայում եմ իմ անցած ուղուն վստահորեն կարող եմ ասել, որ ես իմ կյանքի գործը արել եմ և սխալներ թույլ չեմ տվել":
1975թ. հունվարին տեղի ունեցավ ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որտեղ ծավալուն զեկուցումով հանդես եկավ Կ. Դեմիրճյանը: Դա նրա առաջին զեկուցումն էր որպես երկրի ղեկավարի: Զեկուցման մեջ ընդգրկված էին հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Դեմիրճյանը հստակ շարադրեց հետագա անելիքները, թերությունները վերացնելու մեխանիզմները, բնավ չնսեմացնելով նախկին ղեկավարների աշխատանքը և նրանց ձեռքբերումները: Իր պլանների իրագործման համար Դեմիրճյանին հաջողվում է ստանալ Մոսկվայի օժանդակությունը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի "Հայկական ԽՍՀ ժող. տնտեսության հետագա զարգացման մասին" N300 որոշումը: Դա համապարփակ ծրագիր էր, որ նախատեսում էր հանրապետության զարգացման բոլորովին նոր փուլ: Առաջնային ճանաչվեցին էկոլոգիապես մաքուր, պակաս նյութատար, պակաս էներգատար, գիտատար ուղղությունները: Արդյունաբերության զարգացման մեջ Դեմիրճյանը պահանջում էր պահպանել երեք "Է"-ի սկզբունքը. էկոլոգիա, էներգետիկա, էկոնոմիկա: Այդ սկզբունքի կիրառման արգասիքներից մեկն է այն փաստը, որ Դեմիրճյանի պաշտոնավարման ընթացքում արդյունաբերության ծավալն աճեց 3 անգամ էլեկտրաէներգիայի սպառման ծավալը պահելով անփոփոխ (ավելի մանրամասն): Էկոլոգիական առաջնահերթություններից էր Սևանի խնդիրը: Արփա-Սևան ջրատարի կառուցման որոշումը ընդունվել էր դեռևս Յակով Զարոբյանի օրոք: image Երևանի մետրոյի շինարարության ժամանակ: Այն պահին, երբ Դեմիրճյանը ստանձնեց երկրի ղեկը ջրատարի շինարարությունը դադարեցվել էր ֆինանսավորման բացակայության և հորատման աշխատանքների բարդության պատճառով: 1978թ. սեպտեմբերին Դեմիրճյանը Մոսկվայում անց է կացնում "Սևանի բնական պաշարների պահպանության և ռացիոնալ օգտագործման մասին" որոշումը և ջրատարի շինարարությունը շարժվում է "մեռյալ կետից" և ավարտին հասցվում 1981թ.: Երբ պարզ է դառնում, որ միայն Արփա-Սևանը բավարար չէ լճի մակարդակը պահելու համար ընդունվում է որոշում Որոտան գետի ջրերը, անհրաժեշտ քանակությամբ, Արփա գետի հունը տեղափոխելու մասին (1981թ.): Սևանի էկոլոգիական խնդիրները լուծելու համար բացի ջրատարներից մշակվել և իրագործվել են մի շարք այլ կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ Ազգային պարկի ստեղծումը իր արգելանոցներով:
Դեմիրճյանը համոզված էր, որ առանց զարգացած գյուղի չի կարող լինել զարգացած երկիր: Նրա ղեկավարման տարիներին հսկայածավալ աշխատանքներ կատարվեցին եղած հողային ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու, հողերի մելիորատիվ վիճակը լավացնելու, գերխոնավ հողերը չորացնելու, հողային ռեսուրսները ընդարձակելու, ջրամբարների տակ մնացած բերրի հողը օգտագործելու ուղղությամբ: Վերջինիս տիպիկ օրինակ էր Բաղրամյանի շրջանի ստեղծումը: Մեծ աշխատանք կատարվեց աղուտ հողերի աղազերծման ուղղությամբ: Աղազերծվեց ավելի քան 2700 հա: Եթե մինչև 1975թ. Հայաստանը գյուղատնտեսության ինտենսիվության ցուցանիշով ԽՍՀՄ-ում գտնվում էր վերջին շարքերում, ապա 80-ականներին արդեն զբաղեցնում էր 1-3-րդ տեղը (ավելի մանրամասն):
Դեմիրճյանի ղեկավարած հանրապետությունը տնտեսության մեջ նվաճումների համար 13 տարի անընդմեջ պարգևատրվել է Համամիութենական Աշխատանքային Կարմիր Դրոշով:
70-ական թվականների երկրորդ կեսը հատկանշական է նաև ազգային խոշոր նշանակություն ունեցող իրադարձություններով: image Պսակադրություն Մեծ Եղեռնի հուշահամալիրին: 1975թ. ապրիլի 24-ին առաջին անգամ Սովետական Հայաստանի պատմության մեջ պաշտոնապես հայտարարվում է լռության րոպե նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, հեռուստատեսությամբ ելույթ է ունենում կուսակցության առաջին քարտուղարը, կազմակերպվում է պաշտոնոկան մասսայական երթ դեպի հուշահամալիր՝ պսակադրությամբ: "Правда" և "Известия" թերթերում տպագրվում են հայերի կոտորածները դատապարտող հոդվածներ, ուր առաջին անգամ ԽՍՀՄ Կենտրոնական մամուլում հայերի ջարդը անվանվում է ցեղասպանություն: 1978թ. Դեմիրճյանին, համառ ջանքերից հետո, հաջողվում է Մոսկվայի կենտրոնական ղեկավարությանը համոզել և Սովետական Հայաստանի նոր սահմանադրության մեջ ամրագրել հայերենը որպես պետական լեզու:
1985-ից, երբ ՍՄԿԿ գլխավոր քարտուղար է ընտրվում Միխայիլ Գորբաչովը, Դեմիրճյանի հարաբերությունները կենտրոնական իշխանությունների հետ սկսում են բարդանալ: Լինելով համապարփակ ռեֆորմների համոզված կողմնակից, Դեմիրճյանը, այդուհանդերձ, չէր ընդունում դրանց իրականացման Գորբաչովյան քաղաքականությունը, համարում էր այն չմտածված, չհամակարգված և հղի անդառնալի բացասական հետևանքներով: Խորացող տարաձայնությունները կենտրոնական իշխանությունների հետ, ինչպես նաև հետագա տարաձայնությունները ղարաբաղյան հարցի շուրջ (Սումգայիթյան իրադարձություններից հետո Դեմիրճյանը առաջարկում էր հանել Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայությունից և որպես փուլային տարբերակ ենթարկել անմիջականորեն կենտրոնի իշխանությանը, իսկ Մոսկվան մեղադրում էր նրան նացիոնալիստական նկրտումների մեջ) ի վերջո հանգեցնում են Դեմիրճյանի հրաժարականին: 56 տարեկան հասակում նա թողնում է իր պոստը այն ժամանակ ընդունված "առողջական վիճակի պատճառով" ձևակերպմամբ: Երեք տարի Դեմիրճյանը մնում է առանց աշխատանք և միայն 1991թ., արդեն նորանկախ Հայաստանի ղեկավարությունը նրան նշանակում է հանրապետության ամենախոշոր "Հայէլեկտրամեքենա" արտադրական միավորման տնօրեն:

 2