Գործունեություն

Արդյունաբերության զարգացումը 1975-1987թթ: Որոշ տվյալներ:

image Ռադիոէլեկտրոնիկայի գործարանում: Հանրապետությունում կապիտալ ներդրումները նշված տարիներին կազմեցին 16.278 մլն ռուբլի, մոտավորապես այնքան, որքան նախորդ 50 տարիների ընթացքում:

Արդյունաբերական համախառն արտադրանքի միջին աճը կազմում էր 8.6%, ինչը բարձր էր միութենական միջինից (7.6%):

Գիտատեխնիկական առաջադեմ ներդրումների, արդյունաբերական ժամանակակից ճյուղերի առավել զարգացման, արտադրական ուժերի արդյունավետ տեղաբաշխման շնորհիվ ազգային եկամուտն աճեց 99%-ով:

1976-1980թթ. բյուջեի եկամուտների գերակատարման, ներքին ռեզերվների մոբիլիզացման, միջոցների տնտեսման շնորհիվ Հայաստանի ժողտնտեսության զարգացման և սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը լրացուցիչ ուղղվեց 570 մլն ռուբլի, ինչը 2.2 անգամ ավելի էր քան նախորդ 5 տարում:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը էլեկտրաէներգիայի նույն քանակի ծախսի պայմաններում աճեց 2-3 անգամ:

1975-1987թթ. հանրապետությունում կառուցվեց, վերակառուցվեց, վերապրոֆիլավորվեց և ընդարձակվեց տեխնիկապես հագեցած արդյունաբերական 199 ձեռնարկություններ: Ինտենսիվ կերպով զարգացան արդյունաբերության ժամանակակից ճյուղերը՝ ռադիոէլեկտրոնիկան, ճշգրիտ հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, որոնք արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալում կազմեցին 21%, 1975-ի 18%-ի դիմաց:

image "Մարս" գործարանը: Նոր արդյունաբերական օբյեկտներ տեղադրվում էին հանրապետության այլ քաղաքներում՝ Լենինական, Կիրովական, Սպիտակ և այլն, և արագ զարգացող քաղաք ուղեկիցներում՝ Հրազդան, Չարենցավան, Աբովյան, որոնք հիմնական գյուղատնտեսական շրջկենտրոններից վերածվեցին արդյաւնաբերական կենտրոնների: Դրա շնորհիվ տեղի ունեցավ արդյունաբերության ապակենտրոնացում: Եթե նախկինում ամբողջ արդյունաբերական պոտենցիալի 70-75%-ը տեղակայված էր կենտրոնում՝ հատկապես մայրաքաղաքում, ապա 1985 թ. այդ տոկոսը իջավ մինչև 40:

Ստեղծվեց "Հրազդանմաշ" գործարանը, որն իր արտադրանքով սպասարկում էր միության բազմաթիվ գործարաններ, հիմնականում ռազմա-արդյունաբերական ոլորտում:
Ստեղծվեցին մի շարք գործարաններ, որոնք եզակի և երբեմն միակն էին Միությունում՝ "Լիզին" գործարանը, կարծր նյութեր արտադրող "Ալմաստ" գիտաարտադրական միավորումը, արհեստական տեխնիկական կորունդի արտադրություն, ճնշման տակ բնական գազի հեղուկացման Միությունում միակ գործարանը որի կառուցումը արդեն սկսվել էր: Եզակի էր նաև հրահանգասարքերի գործարանը, որը հետագայում վերածվեց "Մարս" գիտաարտադրական միավորման:

Ստեղծվեցին 200 մլն մ3 ծավալով գազապահեստարաններ:
Աննախադեպ զարգացավ թեթև արդյունաբերությունը: Նախկինում Միությունում մշտապես 15-րդ տեղը զբաղեցնող թեթև արդյունաբերության նախարարությունը 13 տարի շարունակ զբաղեցրել է առաջին տեղը:

Հայկական ԽՍՀ-ում թողարկվող ապրանքները արտահանվում էին 80 երկրներ: